Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ինչո՞ւ է Թրամփը սիրաշահում Ալիևին

Ինչո՞ւ է Թրամփը սիրաշահում Ալիևին
26.05.2018 | 10:26

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահին և անակնկալ մատուցել: «Առաջիկա ամիսները նոր հնարավորություններ կբացեն Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման համար,- գրել է Թրամփը,- որ ավելի լավ հնարավորություններ կստեղծի ԱՄՆ-ի ու Ադրբեջանի համագործակցության ընդլայնման համար»: Եվ արել է կարևոր հավելում, որ որոշ ԶԼՄ-ներ անտեսում են. «Իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` ԱՄՆ- ն անկեղծորեն ցանկանում է համագործակցել Ձեզ հետ այդ կոնֆլիկտի խաղաղ ճանապարհով հաստատուն կարգավորման համար»:

Գնահատելու համար Թրամփի մանևրի նշանակությունը` հիշատակենք ընթացիկ փաստերը: Բաքուն հայտարարել է, որ աջակցում է Իրանի հետ միջուկային համաձայնագրի պահպանումը: Իսլամական համագործակցության կազմակերպության Ստամբուլի սամմիթում Բաքուն դատապարտել է ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ փոխադրելը: Ադրբեջանի համար դա ունի սկզբունքային նշանակություն` Վաշինգտոնը այդ քայլն արել է հակառակ ՄԱԿ-ի բոլոր որոշումների, մինչդեռ Բաքուն անհրաժեշտ է համարում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման մեջ ղեկավարվել 1990-ականների սկզբին ընդունված ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերով: Ադրբեջանը դիրքավորվում է իբրև Թուրքիայի ռազմավարական դաշնակից, Անկարայի նկատմամբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել: Բաքուն հայտնվել է աշխարհաքաղաքական էպիկենտրոնում` ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի միջև: Այդ պատճառով Ադրբեջանը, որ հպարտանում է իր հավասարահեռության հավասարակշռված քաղաքականությամբ, վաղ թե ուշ ստիպված է լինելու ընտրություն կատարել:

Պատահական չէ, որ Վաշինգտոնում Թեհրանի հետ դիմակայության պայմաններում սկսել են խոսել «Բաքվի ռազմավարական կարևորության աճի մասին», պայմանների ստեղծման մասին, որոնց դեպքում Բաքուն չի կարող համագործակցել հայտնի եռանկյունների հետ` Ռուսաստան-Իրան-Ադրբեջան և Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան: Այս իրավիճակում ղարաբաղյան ուղղությամբ Թրամփի քայլը տրամաբանական է: Նա հիմա սիրաշահելու է Ալիևին, Բաքու է ուղարկելու բարձրաստիճան պաշտոնյաների: Երբ ԱՄՆ նախագահը Ադրբեջանի նախագահին գրում է, որ «առաջիկա ամիսները հնարավորություններ կբացեն Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման համար», ակնարկում է, որ Վաշինգտոնն իբր մշակում է հետագա գործողությունների սցենարներ: ՈՒ ի՞նչ սպասել: Կարծես թե Թրամփը մտադիր է ստանձնել գլխավոր միջնորդի դերը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման մեջ: Բաքվի որոշ փորձագետներ ենթադրում են, որ նա կնախաձեռնի Վաշինգտոնում Ալիևի ու Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որ արդեն հայտարարել է Արցախի Հանրապետությունը կոնֆլիկտի կողմ ճանաչելու անհրաժեշտության մասին: Ադրբեջանցի քաղաքագետ Էլհան Շահինօղլուն ուշադրություն է հրավիրում Թրամփի «առաջիկա ամիսներին» բառերի վրա, երբ «կարգավորման նոր հնարավորություններ են բացվելու»:

Առաջադրվում է տարբերակ` Փաշինյանը, ում Արևմուտքում համարում են իրենց կողմնակիցը, որոշակի զիջումների կգնա Ալիևին, իսկ նա կհամաձայնի Ստեփանակերտը կոնֆլիկտի կողմ համարել: Բայց ոչ երկիր: Հետո նրանց կառաջարկվի կարգավորման ծրագիր, որի գոյության մասին վերջին 2-3 տարիներին ակնարկում էին ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահները: Քանի որ նրանք չեն բացում խաղաքարտերը, մանրամասները հայտնի չեն, թեպետ պարզ է, որ խոսքը Լեռնային Ղարաբաղի կազմի մեջ մտնող շրջանների իրավական կարգավիճակի մասին է, նրա կարգավիճակի և անվտանգության երաշխիքների, փախստականների, հնարավոր է` դիմակայության գծի չեզոք գոտում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման մասին: Թրամփը ռոմանտիկ չէ: Նա, իհարկե, հասկանում է, որ անհրաժեշտ արդյունքին անմիջապես հասնելը հեշտ չէ: Բայց նա ի զորու է որոշակի ժամանակով իրեն կապել Բաքվին ու Երևանին` զրկելով Մոսկվային ու Փարիզին իրենց նախաձեռնություններն առաջադրելու հնարավորությունից: Թրամփի համար հիմա կարևոր է ռազմավարական ժամանակ շահել տարածաշրջանում նոր քաղաքականության կառուցման համար: Իսկ հետո կարող է «ձեռքերը լվանալ», որ կարևոր փաստ է դառնում: Այսօր բանակցային սեղանին մշակված փաստաթղթեր կան, որոնց գոյությունը կողմերը չեն հերքում` Մադրիդյան սկզբունքները, 2016-ին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում, 2017-ին Ժնևում ընդունված որոշումները, որ մինչև այսօր ոչինչ չեն տվել և Թրամփը ինտրիգը պահելու հնարավորություն է ստացել: Տեսնենք` հետո ինչ կլինի:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ REGNUM


Հ.Գ. Իսկ հետո ոչինչ էլ կարող է չլինել: Նախ` Վաշինգտոնում Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպում կազմակերպելը դեռ չի նշանակում, որ ԱՄՆ-ը կարգավորման իր ծրագիրն է առաջարկելու, երկրորդ` ոչինչ չի խանգարում Էմանուել Մակրոնին հանդիպում նախաձեռնել Ֆրանսիայում կամ Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանում: Կամ որևէ երրորդ երկրում: Խնդիրը հանդիպումը չէ, այլ` հանդիպման օրակարգը: Վերջապես` մեծ հարց է, թե Ալիևը ինչպե՞ս է «դավաճանելու» ռազմավարական գործընկեր Թուրքիային ու նետվելու Թրամփի գիրկը: Ինչի՞ դիմաց: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կոնֆլիկտի կարգավորման միակ սկզբունք ընդունելու՞: Հայաստանի ու Արցախի որևէ ղեկավար դա չի կարող ընդունել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2728

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ